Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Տիպիկ երևանյան հայրենասիրության դրսևորում

Տիպիկ երևանյան հայրենասիրության դրսևորում
26.06.2009 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ
«Իրավունքը de facto»-ի թիվ 5 (65)-ում (2009 թ., էջ 4) հարգարժան Իգոր Մուրադյանը, անդրադառնալով մահմեդական հայերի գոյության խնդրին, քննադատաբար մատնանշում էր այն հանգամանքը, որ որոշ հետազոտողներ չեն ընդունում, այսպես կոչված, «մահմեդական հայերի» գոյությունը, քանի որ, ըստ նրանց, հայը չի կարող մահմեդական լինել, քանզի մահմեդական հայերը ոչինչ չեն տվել հայկական մշակույթին: Վերջին տեսակետի կողմնակից է հատկապես «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը: Իհարկե, կարելի էր չանդրադառնալ այս խնդրին, եթե մի քանի օր առաջ հեռուստաեթերում չհայտնվեին ևս մի քանի, այսպես կոչված, «տիպիկ երևանյան հայրենասիրության» (ձևակերպումն Իգոր Մուրադյանինն է) սինդրոմով տառապողներ, ովքեր վերստին կրկնեցին արդեն հիշատակված հակագիտական այն թեզը, թե մահմեդական հայերն իրական հայեր չեն` առանց թափանցելու տերմինների բովանդակության և դրանց մեկնաբանության մեջ, մանավանդ երբ խոսքը վերաբերում է այնպիսի բազմաբովանդակ և բազմաշերտ խնդրի, ինչպիսին է էթնիկ և ազգային պատկանելությունը:
Չնայած խորհուրդ տալն անշնորհակալ գործ է, սակայն այս դեպքում դա կօգնի այն մարդկանց (խոսքը սույն տողերի հեղինակի կողմից լուրջ հարգանք վայելող պարոն Ա. Այվազյանի մասին չէ), ովքեր իրենց գիտնական են համարում և խոսում են էթնիկ պատկանելության հիմնախնդիրներից` առանց հասկանալու` ինչ է էթնոսը, որոնք են էթնիկ հանրությունների մակարդակները, ինչ են բովանդակում «հայկական էթնոս» և «հայկական ազգ» հասկացությունները: Համենայն դեպս, նրանց արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ նրանք միմյանցից չեն տարբերում այդ գիտական կատեգորիաները: Խորհուրդ ենք տալիս այդ անձանց թերթել ազգագրության ոլորտի ամենապարզ դասագրքերը, որտեղ նրանք կհանդիպեն այդ երկու հասկացությունների մեկնաբանություններին և գիտական հանրության ընդունած տեսակետներին: Եվ եթե վերը նշած անձնավորությունները չեն ալարում թուրքական աղբյուրներից մեջբերումներ անել, իբր` Թուրքիայի քրիստոնյա հայերի 50 տոկոսն իրեն համարում է թուրք, ապա կարծում ենք` նրանք չեն ալարի նաև այս դեպքում, քանզի դա օգուտ է բերելու միայն և միայն իրենց:
Իսկ ինչ վերաբերում է մահմեդական հայերի հիմնախնդրին, ապա պետք է միանշանակորեն ընդունել և հաստատել Ի. Մուրադյանի այն պնդումը, թե մահմեդական հայերն իրականում հայկական էթնոսի մի ենթաշերտ են կամ սուբէթնոս: Ի հավելում այս կարծիքի, անհրաժեշտ է նշել, որ մահմեդական կամ մահմեդականացված հայերին չպետք է դիտարկել որպես հայկական ազգի ներկայացուցիչներ, քանզի ազգը Էթնիկ ընդհանրության պատմական զարգացման և ինքնակազմակերպման բարձրագույն ձևն է, ունի լեզվի, տարածքի, տնտեսական կյանքի, հոգեկերտվածքի ու մշակույթի որոշակի ընդհանրություն և ազգային ինքնագիտակցություն, հետևաբար, այս սահմանումից էլ կարելի է դատել, որ, այո, մահմեդական հայերը հայկական ազգի ներկայացուցիչներ չեն, քանի որ ոչնչով չեն նպաստել հայկական ազգային մշակույթի և ինքնագիտակցության արմատավորմանն ու զարգացմանը: Առավել ևս, որ հայկական ազգային ինքնագիտակցության առանցքը հատկապես քրիստոնեությունն է և Հայ առաքելական եկեղեցին:
Սակայն չպետք ուրանալ, որ այդ մահմեդական հայերը հայկական էթնոսի մի առանձին ենթաշերտ են: Եվ ահա այս դեպքում պետք է հստակ տարբերություն դնել «հայկական էթնոս» և «հայկական ազգ» հասկացությունների միջև և նոր միայն դատողություններ անել:
Ընդ որում, վերը նշված հայտարարությունների հեղինակներն իրենց «հանճարեղ մտքերը» հիմնավորելու համար մեջբերումներ են անում թուրքական ուսումնասիրւթյուններից, ըստ որոնց Թուրքիայի քրիստոնյա հայերի 50 տոկոսն իրեն համարում է թուրք, ուստի ինչպե՞ս կարող ենք նրանց համարել հայեր: Չի բացառվում, որ այդ անձինք վաղը մեջբերումներ անեն ադրբեջանական աղբյուրներից` հայերի եկվոր լինելու և կովկասյան ալբանացիների հետնորդներ լինելու մասին:
Երևի ժամանակն է թույլ չտալու, որ մեր հասարակագիտական հանրության ներկայացուցիչները հակագիտական դատողություններ անեն և գիտությունը վերածեն քաղաքական PR-ի, ինչպես դա անում է թուրք-ադրբեջանական «պատմագիտությունը»:
Որպես եզրափակում` մի կարևոր հանգամանք ևս. առանց այն էլ պառակտված հասարակության առկայության պայմաններում արժե՞, արդյոք, ինկվիզիցիայի դարաշրջանին բնորոշ հայտարարություններ անել մեր երկրում, որտեղ զգալի թիվ են կազմում կաթոլիկ հայերը (Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում), Սյունիքում բավականին հաճախ հանդիպող աթեիստ հայերը, ինչպես նաև ինտելեկտուալ շրջանակներում հաճախ հանդիպող աթեիստները և այլն (սակայն խոսքը չի վերաբերում աղանդավոր հայերի գոյությանը, քանզի վերջիններիս ի հայտ գալն այլ պատճառներ ու առանձնահատկություններ ունի, և նրանց նկատմամբ ինկվիզիցիային բնորոշ մոտեցումները գուցե արդարացի են): Արդյո՞ք այս մարդիկ իրական հայեր չեն: Եվ եթե կգտնվի որևէ մեկը, ով նրանց կհամարի ոչ հայ, նրա տեղը գիտահետազոտական կենտրոններն ու մամուլի ակումբները չեն, առավել ևս հազարավոր մարդկանց տուն թափանցող հեռուստաեթերը:
Հուսիկ ՂՈՒԼՅԱՆ

Դիտվել է՝ 2591

Մեկնաբանություններ